Իշխանությունների հաջորդ քայլը խորհրդարանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով Ազգային ժողովում որոշում կայացնելուց հետո իշխանություններն անցնելու են խորհրդարանում Սահմանադրական դատարանի հարցը կարգավորելուն: Ինչպես հայտնի է, դեռ մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվել է, եւ մոտ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարան կներկայացվի արդեն Սահմանադրական դատարանի մասով համապատասխան նախագիծը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ իշխանությունները մշակել են ՍԴ ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Եվ, ըստ այդ տարբերակի, Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել: Եվ այս պարագայում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ դատարանի անդամ, իսկ երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի: Այսինքն՝ վեթթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, ու առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին»: