ՄԻՊ-ը՝ Ռոման Ամոյանի հետ տեղի ունեցածի և լրագրողների նկատմամբ ոստիկանների գործողությունների մասին
Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործել է գերբեռնված ռեժիմով (սկսած կիրակիից)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին ուզում եմ 3 հարցի վերաբերյալ պարզաբանում անել՝
1. Լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ կապված հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են։
Ոստիկանության հետ միջադեպի տեսանյութերը մանրամասն կուսումնասիրենք և ըստ ուսումնասիրության արդյունքների՝ կորոշենք միջոցների հարցը։ Կաշխատենք նաև լրագրողների հետ անհատապես։
2. Ըմբշամարտիկ Ռոման Ամոյանի հետ այսօր խոսել եմ իմ նախաձեռնությամբ։ Մեզ մոտ այդ հարցով նախաձեռնված է առանձին վարույթ։
3. Այս պահին էլ իմ աշխատակազմի մեկ խումբ աշխատում է Ոստիկանության բաժիններից մեկում՝ համաձայն ստացած ահազանգի։
Այսօրվա մեր կատարած աշխատանքների մի մասի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն տարածել ենք պաշտոնական հայտարարություն՝ կապված 112 անձի Ոստիկանության Երևանի և մարզային բաժիններ այցերի հետ։
Հ.Գ. Բոլորին ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել նոր կորոնավիուսի կանխարգելան կանոնները։