Ցանկացած սցենարի պատրաստ ենք. Իվետա Տոնոյան
Քանի որ մենք իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում ցանկացած սցենարի պատրաստ ենք և որևէ բան չենք բացառում։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Այս դեպքում անիմաստ ենք համարում խոսել օրենքի գերակայության և նմանատիպ այ եզրույթների մասին։ ԲՀԿ-ն կայացած քաղաքական միավոր է, ունի շուրջ 15 տարվա կենսագրություն և մեզ համար դժվար է լինելու, երբ ԲՀԿ ղեկավարը չլինի մեր անմիջական կազմակերպչական աշխատանքների գլխավերևում։ Պարոն Ծառուկյանի կոչով մենք մեր աշխատանքները կազմակերպելու են հավուր պատշաճի, բարձր արդյունավետությամբ շարունակելու ենք թե մեր օրենսդիր գործունեությունը, թե ազգաբնակչության հետ տարվող մեր գործունեությունը։ Բոլոր քաղաքական որոշումները կայացվելու քաղաքական թիմի անդամների հետ քննարկումների, կոնսուլտացիաների միջոցով և վերջում արդեն կոլեգիալ կայացվելու են մեր քաղաքական որոշումները։
Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարված են։
Մամուլի իմ բոլոր գործընկերներին խնդրում եմ, որ կանխատեսումներով, բախտագուշակությունների շարքից հրապարակումներով հանդես չգալ։ Եթե կա ինչ-որ հարցի վերաբերյալ ճշգրտման անհրաժեշտություն, ապա կարող են զանգել կամ ինձ կամ պարոն Վանեցյանի լրատվական ծառայություն։ Պարոն Ծառուկյանը հակասություն չունի որևէ գործակցող կողմի հետ»,– ասաց նա։
Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանը կալանավորվի, հնարավոր է, որ որոշ աշխատակիցներ անգործ մնան, արդյոք նման սցենար սպասվո՞ւմ է, Տոնոյանը պատասխանեց. «Ի տարբերություն իշխանական թևից եկող շատ մեսիջների, մենք երբևէ շանտաժի լեզվով չենք խոսել մեր ազգաբնակչության հետ»։