Ստավրոպոլի երկրամասի հայկական միության կոչը Հայաստանում տիրող իրավիճակին
Հարգելի հայրենակիցներ: Ողջ աշխարհում նոր կորոնավիրուսային վարակի պատճառով ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ ծանր և պահանջում է պետությունների, քաղաքացիների, ինչպես նաև բոլոր ուժերի և ռեսուրսների համախմբում: Դժբախտաբար, ոչ ոք ապահովագրված չէ մարդկության հանդեպ սկսված ինչպես այս մարտահրավերից, այնպես էլ դրա հետևանքներից: Հայաստանը՝ մեր նախնիների հայրենիքը նույնպես հայտնվել է ծանր իրավիճակում: Մենք տագնապով և ցավով ենք տեղեկանում վարակակիրների և մահացածների մասին տվյալներին:
Սփյուռքում ոչ պակաս մտահոգություն են առաջացնում նաև Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացները, որոնց պատճառով, մեր կարծիքով, փոխադարձ ագրեսիա և անհանդուրժողականություն է առաջանում հասարակական գիտակցության մեջ, որը սասանում է մեր ազգային դարավոր հիմքերն ու արժեհամակարգը:
Հայաստանի Հանրապետությունում հերթական քաղաքական դիմակայությունը, որն ընթանում է կասկածելի մեթոդներով, հանգեցնում է ինչպես կառավարության, այնպես էլ ողջ քաղաքական համակարգի հեղինակազրկմանը, հասարակությանը բաժանելով հակամարտող խմբերի: Նախկինում մենք ականատես ենք եղել, թե ինչի կարող է հանգեցնել իշխանության մենաշնորհումը և, առհասարակ, ինչպես է դրան արձագանքում Հայաստանի ժողովուրդը:
Մինչդեռ, հետհեղափոխական կառավարության կողմից հռչակած և ՀՀ քաղաքացիների կողմից հավանության արժանացած ժողովրդավարական նոր մոդելը ակնհայտորեն ձախողման ճանապարհով է գնում:
Ընդդիմության լիդերների քաղաքական հետապնդումը, նրանց համախոհներին վախեցնելը, կոմպրոմատներ պարունակող նյութերի տարածումը ոտնահարում է ժողովրդավարական ազատությունը, վնասում սոցիալ-քաղաքական հավասարակշռությունը:
Հուսով ենք, որ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր քաղաքական կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի և նրա համախոհների հետապնդումը չի կրի համակարգային բնույթ, որը կարող է ժողովրդավարական ազատությունները հանգեցնել ոչնչացման: Հուսով ենք նաև, որ գործող իշխանությունները կապահովեն գրավիչ ներդրումային միջավայր, ինչն այդքան կարևոր է Հայաստանի համար, որը կբարձրացնի նաև հայկական պետության աշխարհաքաղաքական հնարավորությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը:
Պատմականորեն հայ հասարակությունը մարտահրավերների և սպառնալիքների ժամանակ համախմբվել է, մոբիլիզացնելով իր ջանքերը հանուն ապագա սերունդների: Մեզնից յուրաքանչյուրի կողմից ցանված ստեղծագործական սերմերը միայն կարող են բարգավաճում և կայունություն բերել հայկական պետությանը:
Այս առիթով իշխանություններին, վերնախավին, քաղաքացիներին և բոլոր այն ուժերին, ումից կախված է Հայաստանի ապագան, կոչ ենք անում ցուցաբերել խոհեմություն, իմաստնություն և միասնականություն, որը փոխանցվել է մեր նախնիների կողմից: Ստավրոպոլի երկրամասի հայկական ինքնավարության ազգային-մշակութային տարածաշրջանային ղեկավար Գեորգի Արամովիչ Սաֆարով։