Մակրոնի մոտ բանականության մթագնում է. Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ
Թուրքիայի արտգործնախարարությունը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Լիբիայում Թուրքիայի վարած քաղաքականությունը դատապարտող հայտարարություններին։
Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը Մակրոնի այն հայտարարությանը, թե Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում, արձագանքել է հետևյալ կերպ։
«ՄԱԿ-ի որոշումների շրջանակում և պահանջների հիման վրա Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը ցուցաբերված աջակցությունը վտանգավոր խաղ որակելը միայն կարելի է բացատրել բանականության մթագնումով»։
Թուրքիան Ֆրանսիային մեղադրել է տարիներ շարունակ լիբիական «ոչ լեգիտիմ կառույցներին աջակցություն ցուցաբերելու և Լիբիան քաոսի վերածելու մեջ։
Թուրքիան Ֆրանսիայից պահանջել է «սկզբունքային վերաբերմունք» ցուցադրել գեներալ Հաֆթարի և վերջինիս ուժերի կողմից իրականացվող «պատերազմական հանցագործությունների» ուսումնասիրման հարցում։
Թուրքիան Ֆրանսիային հորդորել է, որ «իրեն իրավունք չվերապահի խառնվելու» Արևելյան Միջերկրականի խնդիրներին, քանզի ծովային սահման չունի այդ հատվածում։
«Ֆրանսիայի այն դիրքորոշումը, որն աչքաթող է անում տարածաշրջանում Թուրքիայի օրինական իրավունքները և անվերապահ աջակցություն է ցուցաբերում մաքսիմալիստական հավակնություններին, Արևելյան Միջերկրական ծովում խաղաղության և կայունության պահպանման փոխարեն ավելի է սրում իրավիճակը։
Դժբախտաբար, երկար ժամանակ է ակնհայտ է, որ Ֆրանսիան չի կարողանում կամ էլ ավելի վատ է ասել, որ չի ցանկանում ճիշտ և անաչառ գնահատական տալ Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումներին»,-նշել է խոսնակը։
Թուրքիայի ԱԳՆ-ն, անդրադառնալով նաև Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան վերաբերյալ հայտարարությանը, հայտնել է, որ այն ծեծված մոտեցում է։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբիայում Թուրքիայի ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտնել էր, որ այդ երկիրը վտանգավոր խաղ է խաղում։