Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/
Ըստ էության՝ հավաքների սահմանափակումը միակ բանն է, որ մնացել է արտակարգ դրության պայմաններում, այսինքն՝ այն ինչ փակ էր, այլևս բաց է, միայն հավաքներ իրականացնել չի թույլատրվում։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը, փոխանցում է Tert.am-ը:
«Նարեկ Մալյանի խոսքով՝ մենք տեսնում ենք, սակայն, որ հավաքների սահմանափակումը ոչ բոլորի վրա է տարածվում․ «Մեր երկրում կան արտոնյալներ՝ տրանսգենդերներն ու Սորոսի գրասենյակի հետ կապ ունեցող մարդիկ են, ովքեր ազատորեն կարող են ակցիաներ անել»։
Նարեկ Մալյանի համոզմամբ՝ հավաքների սահմանափակումով իշխանությունը փորձում է քաղաքական իր օրերը երկարաձգել․ «Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Հենց սկզբից իշխանությունն իր քաղաքական կապրիզը լուծելու ճանապարհին էր, ոչ թե համավարակի կասեցման»։
Ըստ Մալյանի՝ այսօր իշխանությունը չի պայքարում վիրուսի դեմ, իրենք պարզապես իրենց մեղավորությունը գցում են ժողովրդի վրա․ «Այսպիսով՝ մեր իշխանությունը հանրային առողջության գնով գնաց իր կապրիզների հետևից»։
Հարցին՝ հնարավոր է՞, որ արտակարգ դրությունը ձգվի մինչև դեկտեմբեր, Նարեկ Մալյանը պատասխանել է․ «Իշխանության այսպիսի քայլերի դեպքում արտակարգ դրությունը հնարավոր է ձգվի հավերժ, որն էլ կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, նման բան պատմության մեջ եղել է»։
Անդրադառնալով Հայ եկեղեցու պատմության առարկայի դպրոցական կրթական ծրագրից հնարավոր հանվելուն՝ Նարեկ Մալյանը նշել է․ «Այս իշխանությունը դեռ շատ քայլերի է գնալու։ Իշխանությունը պղծելու է մեր երեխաներին, հայ ավանդական ընտանիքները»։
Նարեկ Մալյանի համոզմամբ՝ որևէ մեկը չի կարող բացատրել՝ ինչու են եկեղեցու պատմության առարակայի դասաժամերը հանվելու․ «Ըստ էության իրենք հայտարարում են, որ Հայ առաքելական եկեղեցին կրոնական կառույց է, այսինքն՝ մեր եկեղեցին հավասարեցնում են աղանդավորական այլ կառույցներին»։
Նարեկ Մալյանը ներկայացնում է այն ծրագիրը, որով իշխանությունը գնում է Հայ առաքելական եկեղեցու ոչնչացման․ «Իշխանությունը բանակը ոչնչացնելու նպատակով ոչնչացնում է հրամկազմին՝ թիրախավորելով գեներալներին։ Նույն կերպ էլ գնում են Հայ առաքելական եկեղեցու ոչնչացմանը ու կանգ չեն առնելու»»,-գրում է լրատվամիջոցը: