Եղիսաբեթ II-ը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների ծառայություններին հրդեհը մարելու համար
Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների ծառայություններին Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարելու համար։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Բուքինգհեմյան պալատը՝ հրապարակելով Բրիտանիայի միապետի ուղերձը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Արքայազն Ֆիլիպը եւ ես խորապես տխրել ենք՝ տեսնելով Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի նկարները»- գրել է թագուհին՝ պատշաճը մատուցելով արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցների աշխատանքին, որոնք «վտանգում էին իրենց կյանքը, որպեսզի փորձեն փրկել այդ կարեւոր ազգային հուշարձանը»։ «Իմ մտքերն ու աղոթքները այս դժվարին ժամանակ նրանց հետ է, ովքեր աղոթում են տաճարում եւ ողջ Ֆրանսիայում»,- ավելացրել է նա։
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի, ժամը մոտ 18.50-ին։ Հրդեհի հետեւանքով փլուզվել են սրաձեւ աշտարակի վերին մասը, տաճարի ժամացույցը եւ տանիքի մեծ մասը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է տաճարի վերին մակարդակներում նորոգման աշխատանքների ընթացքում։