Մամեդյարովը հայտնել է իր ծրագրերի մասին
Էլմար Մամեդյարովը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից ազատվելուց հետո իր ծրագրերի մասին, փոխանցում է «Մոսկվա-Բաքու» գործակալությունը:
Ադրբեջանցի նախկին նախարարը նշել է, որ ընդամենը երկրորդ օրն է, ինչ ինքն ազատվել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնից. «Նստած եմ տանս: Ապագայի վերաբերյալ որեւիցե որոշում չունեմ: Խոստանում եմ՝ հենց որ որոշում կայացնեմ, ձեզ կհայտնեմ: Մարդու համար պաշտոնը հավերժական չէ: Ուստի ես ինձ նորմալ եմ զգում: Ես երկար ժամանակ եմ աշխատել, ծառայել»,- տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Էլմար Մամեդյարովը:
Լրագրողների այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք մնալ Ադրբեջանում, թե՞ կհեռանա ԱՄՆ իր երեխաների մոտ, Էլմար Մամեդյարովը պատասխանել է. «Ես արդեն ասացի, որ առայժմ ոչ մի բան չեմ որոշել: Երբ քայլ ձեռնարկեմ, դուք կիմանաք»: Նախկին նախարարը նաեւ իր կարծիքն է հայտնել իր հաջորդի մասին. «Ջեյհուն Բայրամովին հաջողություն եմ մաղթում, նա շատ գրագետ մարդ է: Մենք իրար անձամբ ենք ճանաչում»: