Հույս ունենք, որ հակառակորդը վերջին զարգացումների լույսի տակ ճիշտ հետեւություններ կանի. ՍԴՀԿ
Անցած հինգ օրերի ընթացքում Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զորքերի կողմից շարունակվող սադրիչ գործողությունները եւ շրջանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը գալիս են եւս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը Արցախյան հակամարտությունը զենքի ուժով լուծելու իր խիստ դատապարտելի մտադրությունից չի հրաժարվում եւ շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծման գլխավոր խոչընդոտ: Այս մասին հայտարարություն է տարածել ՍԴ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դատապարտելի ենք գտնում նաեւ Թուրքիայի բացահայտ կողմնակալ կեցվածքը ներկա իրավիճակի առնչությամբ, որ միայն կարող է նպաստել տարածաշրջանի էլ ավելի ապակայունացմանը:
Վերջին իրադարձությունները եկան վերահաստատելու այն փաստը, որ հայոց քաջարի ու մարտունակ բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանել հայրենի սահմանները, այլ հարկ եղած դեպքում ճշգրիտ գործողություններով բարելավել իր մարտական դիրքերը: Հույս ունենք, որ ռազմական գերակայության պատրանքներով լի հակառակորդը, որ տարիներ շարունակ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ռազմատենչ կոչերով ու պատերազմի սպառնալիքով էր հանդես գալիս, վերջին զարգացումների լույսի տակ ճիշտ հետեւություններ կանի եւ կվերադառնա բանակցային սեղան:
Այս օրերին, ավելի քան երբեք, կարեւորում ենք համախմբուածության եւ միասնականության անհրաժեշտությունը, դիմագրավելու համար ոչ միայն երեւացող, այլ աներեւույթ թշնամուն, որը տակավին շարունակում է մեծագոuյն վտանգ ներկայացնել հայրենիքի բարօրությանը ու ապագային:
Առ այդ, կրկին կոչ ենք ուղղում մեր հայաստանաբնակ եւ արցախաբնակ հայրենակիցներին՝ հետեւել «Կորոնա» համաճարակի դեմ կանխարգելիչ կանոններին, հանուն «Հզոր սահման, հզոր թիկունք» սկզբունքի:
Կեցցե' հայոց բանակը:
Բյու'ր հարգանք զոհված մարտիկների հիշատակին: