Թրամփը վետո է կիրառել ԱՄՆ Կոնգրեսի Եմենի հարցով բանաձեւի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել բանաձեւի վրա, որով Միացյալ Նահանգներին խորհուրդ էր տրվում դադարեցնել Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիային աջակցությունը, նշված է չորեքշաբթի Սպիտակ տան տարածած տեքստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաթուղթն ավելի վաղ ստացել էր ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների հավանությունը:
«Մենք շատ պատճառներով ենք ցուցաբերում այդ աջակցությունը: Դա առաջին հերթին մեր պարտքն է՝ պաշտպանել ավելի քան 80 հազար ամերիկացիներին, որոնք բնակվում են կոալիցիայի որոշակի երկրներում, որոնք ենթարկվել են Եմենից հուսիների հարձակումներին»,- պարզաբանում է Թրամփը:
Նրա կարծիքով՝ Եմենում հակամարտությունը Իրանի համար «ոչ թանկարժեք» ու «ոչ ծախսատար» եղանակ է Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակից Սաուդյան Արաբիայի համար խնդիրներ ստեղծելու համար:
«Բանաձեւը նաեւ վտանգավոր է: Կոնգրեսը չպետք է փորձի արգելել որոշակի մարտավարական գործողությունները, ինչպես՝ օդում լիցքավորումը, կամ պահանջի, որպեսզի ռազմական գործողությունները որոշակի ժամանակի մեջ տեղավորվեն»,- նշված է փաստաթղթում:
Դրանից բացի, նման բանաձեւը վնաս կհասցնի ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ կխանգարի Արաբական թերակղզում ահաբեկչության դեմ պայքարին, վստահ է Թրամփը:
Օրինագիծն առաջարկել էին հանրապետական սենատոր Մայք Լին եւ դեմոկրատ Բերնի Սանդերսը: Սանդերսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող այսուհետեւ եւս համագոծակցել Սաուդյան Արաբիայի «բռնապետական իշխանությունների հետ»: