Արայիկ Հարությունյանի հարցում Փաշինյանը դեմ է եղել, միջնորդել է Արթուր Վանեցյանը.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Հարցին, թե ինչու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնական հանդիպում չի ունեցել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը տվել էր աղմկահարույց պատասխան, որը, շատ մեղմ ասած, միանշանակ չէր ընդունվել քաղաքական դաշտի և ընդհանրապես լայն հանրության կողմից: Այդ ձևակերպումներն այս օրերին մեծամասամբ գնահատվում էին շատ սուր պիտակավորումներով: Սակայն ԱՀ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարության որակից ու բովանդակությունից զատ այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ժամանակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ է եղել, որ Արայիկ Հարությունյանն առաջադրվի և դառնա Արցախի Հանրապետության նախագահ: Վերջինիս համար միջնորդել է այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ Հարությունյանը կարող է ընկալելի ֆիգուր լինել որպես ԱՀ նախագահի թեկնածու, ապա և նախագահ:
Եվ հիմա թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում շատերը տարակուսած են, որ Արայիկ Հարությունյանը ոչ միայն չի հանդիպել իր համար այդքան ջանք ներդրած Արթուր Վանեցյանին, այլև իր խոսնակի միջոցով թույլ է տվել արտահայտություններ, որոնք, մեծամասնության կարծիքով, դուրս են էթիկայի բոլոր կանոններից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում