Մեդալի գինը
Ինպես հայտնի է` օրեր առաջ Սարդարապատում՝ ՀՀ պատմության մեջ առաջին, միանգամից 71 զինծառայող պարգևատրվեցին «Մարտական խաչ» աստիճանի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով․ 16 զինծառայողներ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Պարգևատրվողները հուլիսին Տավուշի գործողությունների ժամանակ աչքի ընկած զինվորներն ու տարբեր դասի սպայակազմի ներկայացուցիչներ էին։ Իրականում պետք է հստակ ֆիքսենք մի կարևոր դրվագ, որ ընդհանրապես պարգևատրումները, առավել ևս նման բարձր կարգի շքանշանների դեպքում, պետք է որոշակի զսպվածությամբ իրականցվի և, այսպես կոչված, «չխուրդվի», քանի որ դա պահանջում է լուրջ ու կշռադատված մոտեցում։
Պատահական չէ, որ իր վերջին ասուլիսում թեմայի մասին սեփական մտահոգություններն արտահայտեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշեց, թե «հետաքրքիր կլինի իմանալ, թե հատկապես որ սխրագործության համար են տավուշյան դեպքերի բոլոր 71 հոգին պարգևատրվում «Մարտական խաչ» մեդալով, այն պարագայում, երբ 1994-ին Արցախյան պատերազմի գործողությունների համար մոտ 20 հոգի պարգևատրվեց այդ շքանշանով»։ Սա խոսում է այն մասին, որ պատերազմի բովով ու նրա մասին խորքային պատրացումներ ունեցող անձինք, հասկանում են, թե ինչ գին ունի նման շքանշանը, և հատկապես, որ դեպքերում և ինչ սխրանքների համար է դրանով պարգևատրվում զինվորը կամ սպան։
Բնավ սա չի նշանակում, որ մենք փորձում ենք թերագնահատել կամ նվազեցնել հուլիսին Տավուշում տեղի ունեցած մարտական գործողությունների մասնակիցների դերը, սակայն, թերևս թեմայի հետ կապված արժե որոշակի հետևություններ անել։ Նշեցինք, որ պատերազմով անցած մարդիկ հասկանում են, թե ինչ է մարտական սխրանքը, ինչը չի կարելի ասել, այն քաղաքական ղեկավարության մասին, ովքեր անգամ բանակում պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել և չգիտեն խրամատի ու հենակետի բուն առաքելության մասին։ Ցավոք պետք է արձանագրենք, որ այսօր ՀՀ-ն ղեկավարում են մարդիկ, որոնք ոչ միայն պատերազմից, այլև բանակից ոչինչ չեն հասկանում, և նման շռայլ պարգևատրումներով ու կոչումներ բաշխելով արժեզրկում են ոչ միայն այդ շքանշանի ու կոչման, այլև՝ ողջ բանակի գինը, այլ նաև մարտական ուղի անցած մեր ազատամարտիկների կատարածը նսեմացնում։
Ի դեպ՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այս պարգևատրումների թեման, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել Ապրիլյան պատերազմին մասնակցած տղաների կողմից, և վերջիններս այս առումով առաջիկայում չի բացառվում, որ որոշակի քայլեր ձեռնարկեն։
Անդրանիկ Կիրակոսյան