Փաստորեն բավական է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ հրապարակային հայտարարություն անի, որպեսզի Հայաստանի ներքաղաքական կյանքում աշխուժություն սկսվի
Վահե Էնֆիաջյան-ը գրում է
Մենք իհարկե շատ ուրախ կլինեինք, եթե խոսքը վերաբերեր բովանդակային քննարկումներին ու հարցադրումներին, սակայն ցավոք սրտի ԲՀԿ նախագահի ցանկացած հրապարակային հայտարարությունից հետո բովանդակազուրկ մեկնաբանությունների, տարատեսակ մտացածին վերլուծությունների պակաս չի զգացվում: Այս անգամ հերթական «դարի բացահայտում»-ն արել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, աշխարհացունց մտափայլատակում ունենալով, թե այս փուլում Քոչարյան-Ծառուկյան «ընկերության» վերականգնման ականատեսն են լինում: Իհարկե անիմաստ է հույս ունենալ, որ հերթական անգամ ԲՀԿ առանձին ինքնաբավ քաղաքական միավոր լինելու վերաբերյալ մեր դիտարկումները տեղ կհասնեն ու գիշեր- ցերեկ ԲՀԿ-ացավ կպած քաղաքական գործիչները կհասկանան, որ մեզ պետք չէ իրենց արշինով չափել, սակայն այնուամենայնիվ ես չեմ զլանա և ևս մեկ անգամ կանդրադառնամ այդ հարցին: ԲՀԿ-ն շուրջ 15 տարվա կենսագրություն ունեցող կայացած քաղաքական ուժ է, որն ունի իր օրակարգը, իր գաղափարախոսությունն ու գործունեության ճանապարհային քարտեզը: Տարբեր ժամանակներում ԲՀԿ անունը տարբեր ուժերի կամ անձանց հետ կապելու բոլոր անպտուղ փորձերը մշտապես անհաջողության են մատնված եղել: Հերիք է փորձեք մարդկանց թյուրիմացության մեջ գցել, երևակայության բորբոքման արդյունք հանդիսացող դավադրությունների տեսություններ հորինեք: Մեկ է, դրանով չեք կարողանալու արդարացնել ձեր ձախողումները, դրանով չեք փախնելու հազարից ավել զոհերի հարազատների առաջ պատասխան տալու հեռանկարից, չեք ճողոպրելու, երբ հանրությունը ձեզանից պատասխան է պահանջելու մեր ազգային արժեհամակարգի կործանմանը միտված արարքների համար: Քանի դեռ ուշ չէ, խելքներդ գլուխներդ հավաքեք ու գործով զբաղվեք, քանի որ ձեր այսօրվա անգործության համար մենք յուրաքանչյուր օր մարդկային կյանքերով ենք հատուցում: Ցավոք, դուք այդպես էլ ֆեյսբուքյան աղմկահարույց վերնագրերից ու ստատուսներից այս կողմ չանցաք…