Լիբանանի նոր վարչապետը սկսում է խորհրդակցությունները նոր ճգնաժամային կաբինետի ձեւավորման շուրջ
Լիբանանի նոր վարչապետ Մուստաֆա Ադեբը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի հաջորդ օրը խորհրդակցություններ է սկսել ճգնաժամային նոր կաբինետի ձեւավորման շուրջ: Մակրոնը հայտարարել էր, որ լիբանանցի քաղաքական գործիչները պարտավորվել են հետեւել ճանապարհային քարտեզին, որը սկսվում է երկու շաբաթվա ընթացքում կառավարության ձեւավորումից բարեփոխումների նպատակով, փոխանցում է AP-ն:
Մուստաֆա Ադիբը հաստատվել էր վարչապետի պաշտոնում այս շաբաթվա սկզբին` նախօրեին ավարտված Մակրոնի երկօրյա այցից առաջ: Սա նրա երկրորդ այցն էր վերջին մեկ ամսվա ընթացքում, քանի որ Լիբանանը բախվում է բազմաթիվ ճգնաժամերի եւ մարտահրավերների, այդ թվում` աննախադեպ ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Բեյրութի նավահանգստի ռմբակոծության հետեւանքները:
Ելույթ ունենալով Բեյրութում կայացած երկօրյա հանդիպումների ավարտին` Մակրոնն ասել էր, որ Ֆրանսիան պատրաստ է օգնել Լիբանանին ճգնաժամից դուրս գալու համար, բայց երեք ամսվա ընթացքում բարեփոխումները չիրականացնելը պատժիչ գործողությունների կհանգեցնի, այդ թվում` կենսական նշանակություն ունեցող միջազգային օգնության հետ կանչմանը եւ նույնիսկ պատժամիջոցների կիրառմանը քաղաքական գործիչների դեմ:
«Իրերի սովորական դրվածքին վերադառնալը խենթություն կլիներ»,- այցի ավարտին լրագրողներին ասել էր Մակրոնը:
Ֆրանսիան եւ միջազգային հանրությունը հայտարարել են, որ ֆինանսական օգնություն չեն տրամադրի Լիբանանին, քանի դեռ այն արմատական փոփոխություններ չի իրականացրել համատարած կոռուպցիայի եւ վատ կառավարման դեմ պայքարում: