Գերմանիայի բնակչուհուն կասկածում են հինգ երեխայի սպանության մեջ
Գերմանիայում ոստիկանները հինգ երեխայի մարմին են գտել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում, հայտնել է n-TV հեռուստաալիքը: Երկրամասի ՆԳ նախարար Հերբերտ Ռոյլի խոսքով՝ երեխաների մարմինները հինգշաբթի ցերեկը գտել է տատիկը, որն ապրում Է ուրիշ քաղաքում: Սպանվածների տան մոտ հավաքվել էին շտապ օգնության և ոստիկանության մեքենաներ, դեպքի վայրը շրջափակված է: Ինչպես հայտնել է Ռոյլը, մահացած երեխաների 27-ամյա մայրը 11-ամյա որդու հետ փորձել է կյանքին վերջ տալ Դյուսելդորֆի կայարանում: Կինը լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, տղան չի տուժել: Ոստիկանության տվյալներով՝ մահացած եղբայրներն ու քույրերը եղել են մեկից մինչև ութ տարեկան: Ողջ մնացած տղան ուղարկվել է ազգականների մոտ: Երեխաների սպանության գործում գլխավոր կասկածյալը նրանց մայրն է, որն ազգությամբ գերմանուհի է: Տեղի ունեցածի պատճառները դեռ չեն պարզվել: