Զինվորական ծառայությունից խուսափածները տեղ չունեն պետական կառավարման համակարգում
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավում է, որ «Ազգ-բանակ» ծրագիրը չի իրականացվել: Նա իր կարծիքը հայտնեց «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նախկին նախագահի խոսքով` ինքը համակրում էր ծրագրին: «Ցավոք, այն չիրականացվեց: Հիմա նրանք առաջարկել են աշխարհազորի գաղափարը»,- հայտարարեց նախկին նախագահը` զարմանք արտահայտելով այն փաստի կապակցությամբ, որ վերջերս պաշտպանության փոխնախարարներից մեկը հայտարարեց, որ ինքը ծանոթ չէ «Ազգ-բանակ» ծրագրին (խոսքը Գաբրիել Բալայանի մասին է — խմբ.): «Կարծում եմ, որ երբ նրանք խոսում են աշխարհազորի մասին, նախ պետք է ծանոթանան ծրագրին: Միգուցե հենց դա էր ճիշտ ճանապարհը: Միգուցե անհրաժեշտ չէ հրաժարվել ծրագրից միայն այն պատճառով, որ գաղափարը հայտնվել է պաշտպանության մեկ այլ նախարարի օրոք: Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, երբ ճիշտ ուղին մերժվում է միայն այն պատճառով, որ այն չի ծագել քո փայլուն գլխում: Կարծում եմ, որ մենք պետք է գնանք համապարփակ լուծման ուղով: Մեր ուժը կկրկնապատկվի, եթե կարողանանք նման պետություն կառուցել: «Ազգ-բանակ»-ը բացարձակապես չի ենթադրում, որ բոլորը շարայն երթով պետք է քայլեն: Սա բոլորովին այլ լուրջ գաղափարախոսություն է»,- ասաց նախկին նախագահը: Միեւնույն ժամանակ, նա արձանագրեց, որ բանակը հասարակության ամենամեծ վստահությունն է վայելում: «Միշտ էլ այդպես է եղել: Քանի որ իրական սպառնալիքը հանգեցնում է նրան, որ բոլորը բնազդաբար հասկանում են` իրենց անվտանգությունը կախված է բանակից»,- ասաց նախկին նախագահը: Այս կապակցությամբ նա շեշտեց զինվորական ծառայության գրավչության բարձրացման անհրաժեշտությունը: «Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի ծառայությունը խրախուսելու համար: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե չեն ծառայել, ապա տեղ չեն գտնի պետական համակարգում, ընդ որում, ծառայությունը պետք է առավելություններ ենթադրի կրթության ոլորտում եւ այլ արտոնություններ: Այդ կերպ պետությունը ցույց է տալիս, որ հարցն իր համար այնքան կարեւոր է, որ պարզապես արգելում է բանակում չծառայածներին պետական պաշտոն զբաղեցնել»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով` ժամանակին, ըստ էության, այդպես էլ արվել է, թեեւ օրենքով դա չէր ամրագրվում: «Հիմա ճիշտ հակառակն է: Այնպիսի տպավորություն է, որ բանակում ծառայությունը խանգարում է պաշտոն զբաղեցնել պետական համակարգում, կարիերայի աճ ապահովել»,