Էրդողանը «անընդունելի է» բնորոշել Թուրքիայի արտաքին քաղաքականության վերանայումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անթույլատրելի» է բնորոշել երկրի արտաքին քաղաքականության վերանայումը: Այս մասին գրում է «Անադոլու գործակալությունը:
Նրա խոսքով` Անկարայի քննադատները հարց են տալիս. «Ի՞նչ է անում Թուրքիան Սիրիայում, Լիբիայում, Բալկաններում, Միջերկրական ծովի արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կովկասում կամ Բալկաններում»:
«Արդյո՞ք Սիրիայում հակամարտությունը կկարգավորվի, եթե Թուրքիան հրաժարվի մասնակցել այս երկրում տիրող իրավիճակին: Հյուսիսային Իրաքում գործող ահաբեկիչները կինքնամեկուսացվե՞ն: Լիբիայի օրինական կառավարության հակառակորդները կհրաժարվե՞ն իշխանության իրենց հավակնություններից: Ենթադրենք, որ Անկարան լիովին հրաժարվել է արտաքին քաղաքականության քայլերից, Ֆրանսիան ի պատասխան կկարողանա՞ հրաժարվել (Էմանուել Մակրոնի) սխալներից և վերադառնալ առողջ քաղաքականությանը»,-հարցադրում է արել Թուրքիայի նախագահը:
«Եթե Թուրքիան հրաժարվի բոլոր իրավունքներից, ԵՄ-ն կհրաժարվի՞ երկակի ստանդարտներից Անկարայի նկատմամբ, նրանք կսկսե՞ ն կատարել տրված խոստումները: Արդյո՞ք այս հողերի վրա աչք ունեցող տերությունները կհեռանան տարածաշրջանից, կապաշխարհե՞ն այն շրջանակները, որոնք առիթը բաց չեն թողնում թուրքական տնտեսությանը վնաս հասցնելու համար, արդյո՞ք կաջակցեն Անկարային»,-ավելացրել է Էրդողանը:
Նա ընդգծել է, որ եթե Անկարայի քննադատները կարողանան ձեռքը սրտին դրած անկեղծ դրական պատասխան տալ իր թվարկած հարցերին, ապա Թուրքիան պատրաստ կլինի վերանայել իր արտաքին քաղաքական ուղղվածությունը: