ՆԱՏՕ-ի բրյուսելյան շտաբ-բնակարանում կայացել են Միջերկրական ծովում հակասությունների շուրջ թուրք և հույն զինվորականների 5-րդ բանակցությունները
Երեքշաբթի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, ավարտվել է Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունների հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կրկին քննարկել են Միջերկրական ծովում առկա տարաձայնությունները: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու մյուս շաբաթ:
Բանակցությունները կրում են աշխատանքային բնույթ և նպատակ ունեն համաձայնեցնել ռազմական ուժերի «անջատման միջոցառումները» Միջերկրական ծովի արևելյան հատվածում միջադեպերը կանխելու համար:
Աթենքի և Անկարայի միջև երկխոսություն սկսելու որոշումը՝ կապված Միջերկրական ծովի արևելքում տիրող լարվածության հետ, կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հեռախոսազրույցի ընթացքում: