Բելառուսում հաքերները կոտրել են երկրի պետական հեռուստառադիոընկերության կայքը և լուրերի փոխարեն բողոքի ակցիաներ ցուցադրել
Բելառուսի հեռուստառադիոընկերության կայքը երեկոյան լուրերի փոխարեն ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են ուժայինները ուժ կիրառում երկրում բողոքի ակցիա իրականացնողների դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ կայքի աշխատանքի խափանման պատասխանատվությունը ստանձնել են ցանցահենները:
Հեռուստառադիոընկերության կայքի օնլայն հեռարձակումը, որի մաս է նաև «Բելառուս 1»-ը, շաբաթ երեկոյան անհասանելի է դարձել: Այն ժամանակ, երբ տեսանյութը բեռնվել է, ծրագրերի փոխարեն հանրապետական առաջին ալիքով ներկայացվել են կադրեր փողոցից, որտեղ ուժայինները կոշտ հակազդեցություն են ցույց տալիս ցուցարարների դեմ:
Հաքերների, որոնք իրենց անվանում են «Կիբերպարտիզաններ», խմբի Telegram-ալիքում հաղորդագրություն է հայտնվել, որում նշվում է իրենց մասնակցությունը կայքի խափանման գործում:
Հեռուստառադիոընկերության մամուլի ծառայությունը իրավիճակը դեռևս չի մեկնաբանել: