Իսրայելի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Քաթարը վաղ թե ուշ կստանա F-35 կործանիչներ
Կիրակի Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շթայնիցը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը Քաթարին հնարավոր է՝ չնայած Իսրայելի առարկությանը Իրանի եւ Պաղեստինի հետ Քաթարի կապերի առնչությամբ, հաղորդում է Reuters-ը:
«Ես չեմ կասկածում, որ եթե նրանք (Քաթարը) ցանկանում են դա եւ պատրաստ են վճարել, վաղ թե ուշ կստանան դա»,-հայտարարել է նախարարը:
«Դա ենթադրություն է, որը մենք պետք է նկատի առնենք»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի վարչակազմն ի վերջո հետեւում է սեփական շահերին, հատկապես ռուսական եւ չինական կործանիչների հետ մրցակցության պայմաններում:
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ Քաթարը դիմելու է ԱՄՆ-ին F-35 կործանիչները ձեռքբերելու խնդրանքով, որոնք տարածաշրջանում ներկայում կան միայն Իսրայելի ռազմական արսենալում:
Իսրայելը, որի հետ Վաշինգտոնը խորհրդակցել է այդպիսի գնումների վերաբերյալ, հայտարարել է, որ դեմ է դրան:
ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել վաճառել F-35-ը ԱՄԷ-ին եւ Բահրեյնին Իսրայելի հետ նրանց հարաբերությունները կարգավորելուց հետո: Սակայն Քաթարի դեպքում Միացյալ Նահանգները վերաբերմունքը չի փոխել:
ԱՄՆ նախագահի վարչակազմը ձգտում է պահպանել տարածաշրջանում Իսրայելի ռազմական գերազանցությունը: Այդուանդերձ, Շթայնիցը նշել է, որ ԱՄՆ-ը նաեւ նախկինում են վաճառել ժամանակակից ինքնաթիռներ արաբական երկրներին Իսրայելի առարկությունների պայմաններում: