Ստեփանակերտը քիչ առաջ հրթիռակոծվել է. կա մեկ տուժած
Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։
Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։ Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: