«Այսօր է վերջնական տրվելու ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»․ ԲԴԽ նախագահի կոչը՝ դատավորներին
Հարգելի գործընկերներ,
Հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախն այսօր պատմական բախտորոշ իրողությունների առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն:
Օրհասական և պատմական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց դնելու մեր` արդարադատութուն իրականացնողներիս բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրումը մեր հայրենիքին` իրավունքի գերակայության և օրենքի իշխանության պահապանի բարձր դերակատարությունը ապահովելու ճանապարհով:
Հայրենիքին նվիրումը և մեր առաքելությանը հավատարիմ մնալը ապացուցվելու է այս օրերին, և մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունենք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը և պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ:
Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ դատավորի բարձր պաշտոնը ստանձնելիս յուրաքանչյուրս Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվել ենք դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:
Ես, որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, երդվել եմ նաև իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը: Ուստի կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին.
1) ձեր առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես սահմանադրությամբ և օրենքներով, արդարադատությունն իրականացնել ձեր իրավասության բարձր գիտակցությամբ և դատական իշխանության հեղինակության մասին մտահոգ լինելով,
2) հավատարիմ մնալ ժողովրդի առջև ձեր տված երդմանը և զերծ մնալ բոլոր տեսակի քաղաքական ճնշումներից և ազդեցություններից,
3) որևէ մեկը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից չի կարող միջամտել կամ ներգործել ձեր իրավասութունների դաշտ: Ցանկացած նման միջամտություն կհանդիպի անձամբ իմ կոշտ դիմադրությանը, և նման դեպքերը կդառնան քննության առարկա քրեադատավարական կանոններով:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան