«Զանգեզուրը, Սևանը, Երևանը մեր պատմական հողերն են». Ալիևը ռազմական շքերթի ժամանակ պատերազմի հնարավոր շարունակության մասին ակնարկ է արել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «արդարության հաղթանակի» և ակնարկել պատերազմի հնարավոր շարունակության մասին՝ ընդհուպ մինչև Հայաստանի տարածքի զավթումը: Այս մասին գրում է Московский Комсомолец պարբերականը:
Իր ելույթում Ալիևը նշել է, որ դեռևս անցյալ դարի 80-ականներին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ «վտարվել են իրենց հայրենի հողերից»: «Զանգեզուրը, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևանը) մեր պատմական հողերն են», -հայտարարել է Ալիևը:
90-ականների իրադարձություններն ու Լեռնային Ղարաբաղի դրան հաջորդած անկախությունն Ալիևն անվանել է «շրջափակում»: ԼՂ մի մասի վերադարձը նա որակել է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»:
Միևնույն ժամանակ, Ալիևն ակնարկել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն իրեն լիովին ձեռնտու չէ: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ինքը բազմիցս ասել էր, որ եթե Հայաստանը «չվերադարձնի իրենց հողերը, ապա այդ հարցը կլուծեն ռազմական ճանապարհով»: