Նիկոլ Փաշինյանը հրատապ ԱԽ նիստ է հրավիրել. Yerevan.Today
Երեկ կեսգիշերից ժամ առաջ հայտարարված տագնապից, Կառավարական շենքի շուրջ զորքերի կուտակումից ու կառավարության ներսում տեղի ունեցած ինչ-որ անհասկանալի պրոցեսներից հետո վարչապետ Փաշինյանի մոտ հախուռն տրամադրությունները փաստորեն պահպանվել են մինչև հիմա։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը՝ հայտնելով, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրատապ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ ժամը 16։00-ին։
« Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հարբած է և Արցախում թշնամու կողմից գյուղեր գրավելուց հետո անգամ ի վիճակի չէ ԱԽ նիստ ու ադեկվատ քննարկում անել։ Սակայն անվտանգության օրակարգային հարցերը մնում են։ Նիստի օրակարգի մասին իշխանական աղբյուրը ոչինչ չասաց, սակայն հաշվի առնելով վերջին երկու օրերին սահմանային լարվածությունը, կրակի դադարեցման ակտից հետո երեկ Հադրութի շրջանում թշնամու կողմից ևս երկու գյուղի զավթման ծանր միջադեպը, ենթադրվում է, որ այսօրվա ԱԽ օրակարգում բացառապես անվտանգության հարցն է, թեև չի բացառվում, որ իշխանությունն անցնում փոխանցելու հարցը քննարկվի։
Նշենք, որ ԱԽ նիստին հարվիրված են նաև ԱԺ խորհրդարանական բոլոր ուժերի խմբակցության ղեկավարները։ Ի դեպ, երեկ Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այսօր առավոտյան ռուսական մամուլից հայտնի դարձավ, որ հրատապ Մոսկվա է կանչվել նաև Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը»,– գրում է կայքը։