Ավտովթար Հայաստանում. հետիոտնին վրաերթի են ենթարկել
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղ ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի բնակիչ, 29-ամյա Ալինա Մ.-ն, Մրգավան-Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված, Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Գ.-ին պատկանող ՎԱԶ-21101 մակնիշի, այնուհետև Բերքանուշ գյուղի բնակիչ, 28-ամյա Սամվել Գ.-ին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենային և Արարատի մարզի Նորաշեն Գյուղի բնակիչ, 36-ամյա Արսեն Ա.-ին պատկանող Honda Odyssey մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաներին բախվելուց հետո վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Վլադիկ Մ.-ին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: