Ողբերգական ավտովթար Երևանում.30 ամյա կին է մահացել
shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 65/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Ռոմիկ Հարութունյանի վարած KIA մակնիշի և 35-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Mitsubishi io մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Հովհաննիսյանը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է ճանապարհին կայանված, Երևանի բնակիչ, 35-ամյա Ավագ Աբրահամյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Վթարի հետևանքով վարորդներից Ա. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Լուիզա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Ստեփանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 04:30-ի սահմաններում Լ. Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Գ. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիոտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ռ. Հարությունյանը ծառայում է Ոստիկանության զորքերի N զորամասում՝ որպես ՀՆՍ խմբի հրամանատար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: