Իմ Արցախը դու ես Ապա, ու իմ Արցախը երբե՛ք չի պարտվել. Արսեն Սաֆարյան
Երգիչ Արսեն Սաֆարյանը, ով Արցախի պատերազմի առաջին օրերից ռազմաճակատ էր մեկնել, Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նա գյուղի մեծն է՝ Ապան՝ Կուսապատի Ապան:
Գյուղում գրեթե մարդ չկար, պատերազմ էր: Ապան ոչ մի տեղ չէր գնացել, իր տանն էր: Լսել էր, որ իրենց գյուղում եմ, եկավ, որ ինձ տեսնի, զրուցենք: Հայացքը հպարտ էր, ազնվական, ժպտում էր անկեղծ ու բարի աչքերով: Գյուղի ջոկատի նախկին «կամանդիրի» ձեռքին հասարակ մահակը կայսերական գավազանի նման էր: Հաղթած էր ու ինչքա՜ն էր հաղթած:
Հարազատ անտառում կանգնած իսկական հպարտ ու ամուր կաղնի, որ գիտեր իր արմատների խորությունը:
Պատմում էր ու պատմում, վառվում էին աչքերը, երբ հիշում էր իր հաղթական ջոկատը: Ուրախ էի, ես էլ էի հպարտանում: Մի ուրիշ ձևով էր պատմում, թա՜նկ էր պատմում...
Ամեն անգամ, երբ հիշում եմ նրան, ամեն ինչ նորից եմ վերապրում:
Իմ Արցախը դու ես Ապա, ու իմ Արցախը երբե՛ք չի պարտվել:
Ես քեզ պարտք մնացի... »: