Արցախ է վերադարձել 42 051 մարդ, ռուս զինվորական բժիշկները 759 բնակչի օգնություն են ցուցաբերել
Ռուսական խաղաղարար ուժերի զորակազմը շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։
Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռուսական խաղաղապահ զորախումբը ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 306 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդամենը նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 42 051 մարդ։
Մարդակերտ բնակավայրում ռուս խաղաղապահների աջակցությամբ, վերանորոգման բրիգադի ուժերով վերականգնվել է մեկ բնակելի տուն և 1,6 կմ էլեկտրահաղորդման գիծ: Աշխատանքների սկզբից վերականգնվել է 23 բնակելի տուն և 7,9 կմ էլեկտրահաղորդման գիծ։
Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:
Կազմակերպվել է «թեժ գծի» աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհայտ կորածների մասին տեղեկություններ հավաքելու ուղղությամբ: Այն իր աշխատանքի սկզբից ընդունել է 521 դիմում, որոնք փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։
Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադը Ճարտար բնակավայրում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 35 տեղացի բնակիչների, այդ թվում՝ մեկ երեխայի։ Ընդամենը ռուս զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի 759 բնակիչների բժշկական օգնություն են ցուցաբերել, որոնցից 85-ը երեխաներ են։
Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցների պահպանմամբ:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում: