Մեզ համար այդ բանաձևերը որևէ նշանակություն չունեն. Ալիևը՝ արևմտյան երկրների՝ ԼՂՀ ճանաչման և Արցախում Ադրբեջանի գործողությունների առնչությամբ ընդունած որոշումների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անհիմն է համարում Բաքվի հասցեին հնչած մեղադրանքները, որոնց մասին խոսվում է ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո մի շարք արևմտյան երկրների ընդունած բանաձևերում:
«Թող երկրները, որոնք մեր դեմ բանաձևեր են ընդունել, բացեն աչքերն ու նայեն: Կեղծավոր քաղաքական գործիչներ, բացե՛ք ձեր աչքերը, նայե՛ք: Ձեր խորհրդարանները բանաձևեր են ընդունել: Մեզ համար այդ բանաձևերը որևէ նշանակություն չունեն, դա թղթի կտոր է: Բայց մեր դեմ կրկին անհիմն մեղադրքնքեր են հնչում»,- Ալիևի խոսքը մեջբերում է РИА Новости՝ նշելով, որ նա դիմել է ֆրանսիական, բելգիական և հոլանդական խորհրդարանների պատգամավորներին:
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի վերջին բանաձև էր ընդունել, որով կոչ էր արվում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պահանջվում էր Ադրբեջանից դուրս բերել զորքերը տարածաշրջանից: Սենատի որոշումից հետո երկրի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը հայտարարել էր, որ ԼՂՀ միակողմանի ճանաչումը Ֆրանսիայի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի և չի նպաստի խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանը:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հատուկ ընդունված բանաձևով դատապարտել էր Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը, իսկ Նիդերլանդների խորհրդարանը նոյեմբերին հավանություն էր տվել Ալիևի ու նրա կնոջ դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին առաջարկին: