Այդ ուղևորություններին պետք է վերջ դրվի․ Ալիևը՝ հայ պաշտոնյաների՝ Արցախ այցի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «նախազգուշացրել է» հայ պաշտոնյաներին Լեռնային Ղարաբաղ մեկնելու մասին՝ շեշտելով, որ դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը: «Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը գտնվում է Ստեփանակերտում: Թող նրանք չմոռանան պատերազմի մասին: Այս ուղևորությունները պետք է ավարտվեն: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե սադրիչ գործողություններ ձեռնարկվեն, Հայաստանը կփոշմանի», - ասել է Ալիևը 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված հանդիպմանը։ Նա նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: «Ռուսաստանը կողմերին առաջարկեց իր միջնորդական հնարավորությունները: Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկում էր այդ թեմաները: Եթե հարաբերությունները կարգավորվեն, ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: Բոլոր այդպիսի ուղևորություններին վերջ պիտի տրվի», - շեշտել է Ալիևը: Ըստ նրա՝ ոչ մի օտարերկրյա քաղաքացի, որևէ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չի կարող մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ առանց Ադրբեջանի թույլտվության: «Սա մեր տարածքն է: Ամբողջ աշխարհը ճանաչում է դա՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս», - շարունակել է Ալիևը: Նա նախազգուշացրել է, որ եթե նման ուղեւորությունները կրկնվեն, «պատասխանը շատ կոշտ կլինի»: