Աբովյանում «Շանգրի Լա» խաղատան անվտանգության աշխատակիցը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 13:15-ի սահմաններում Առինջ գյուղի բնակիչ, 38-ամյա Արման Գրիգորյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 79-ամյա Եվգենյա Ժամհարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը՝ որպես անվտանգության աշխատակից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: