Խոշոր ավտովթար Հայաստանում. կա 4 վիրավոր
Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Իսահակ Դարբինյանն ու էդգար Մելքոնյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: