Արցախ զորակոչված կամավորականների գումարները հրաժարվում են վճարել
Analitik.am-ի խմբագրություն է դիմել Սասուն Սաֆարյանը, ով հոկտեմբերի 2-ին զորակոչվել է Արցախ։ Ըստ ցուցակի, նրա ջոկատը պետք է մեկներ Ջաբրայիլ, բայց արդյունքում հայտնվել է Հադրութում։ Հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 13-ը Սաֆարյանի 17 հոգանոց ջոկատը գտնվել է Արցախի տարբեր մարտական դիրքերում, իրականացրել ռազմական գործողություններ։ Վերադառնալուց հետո նա դիմել է կամավորականների գումարները ստանալու նպատակով, սակայն մերժել են ոչ միայն նրան, այլ նաև՝ իր ջոկատից 17 անդամներին:
«Մենք երկու ավտոբուսով գնացել ենք, մի ավտոբուսը գնացել է այլ ուղղությամբ, իսկ մենք պետք է գնայինք Ջաբրայիլ։ Բայց, քանի որ հոկտեմբերի 2-ին Ջաբրայիլն արդեն մերը չէր, Ստեփանակերտի ոստիկանությունը հրահանգեց զորքին տանել Հադրութ։ Հադրութում մի փոխգնդապետ կար՝ Էրիկ անունով, իրեն այդպես գիտեինք: Նա Բադասյան Վահանի հետ մեզ դիմավորեց, ասաց, որ ջոկատ կազմենք մեզանով: Դրանից հետո մենք ջոկատը կազմեցինք, հրամանատար ընտրեցինք, որովհետև այդ պահին սպա չկար։ Բադասյանը մեզ ուղեկցեց դեպի Արա լեռ՝ առաջադրանք կատարելու։
Հետո Հադրութի մեջ ենք մարտական առաջադրանքներ կատարել։ Պարոն Էրիկն ամսի 8-ին դրոշը վերցրեց ու փախավ, նա բան չի իմանում։ Մեզ ամսի 10-ի գիշերը Հադրութից տեղափոխեց սպեցնազը: Մեզ տարան Կարմիր Շուկա, հետո ևս մի քանի մարտական դիրք ենք փոխել, վերջին կետը Մարտունի 3-ն է, որտեղ էլ եղել ենք 31 հոգանոց ջոկատով: Ջոկատում 17-ը մենք էինք, մնացածը՝ Էջմիածնից։
Էջմիածնի տարածաշրջանում խնդիր չկա՝ տղաները ստացել են գումարները։ Հիմա մեր մասին պետք է բնութագիր գրի վերոհիշյալ փոխգնդապետ Էրիկը, բայց ինքը մեզանից տեղյակ չէ, ասում է, որ մենք իրենց մոտ չենք եղել»։
Սասուն Սաֆարյանը փորձել է կապ հաստատել Արցախի Գլխավոր շտաբի հետ, բայց այս պահին ոչ մի գործի ընթացք չի տրվում․ «Մեզ պետք է տանեին Ջաբրայիլ, բայց տարել են Հադրութ։ Ու հիմա Հադրութից մի սպա ասում է, որ մենք Ջաբրայիլի խնդիրն ենք։ Իսկ ինչո՞ւ մեզ պետք է Ջաբրայիլը գումար տա, եթե մենք այնտեղ չենք եղել»։
Կամավորականը նշում է, որ ավելի շատ ոչ թե գումար տալ-չտալուց է ազդվել, այլ՝ կամավորների նկատմամբ վերաբերմունքից: Չնայած այս վերաբերմունքին՝ Սասունը նորից պատրաստվում է մեկնել Կապան հերթափոխ ընդունելու՝ հունվարի 20-24-ը։
Analitik.am-ը փորձեց պատասխան ստանալ պատկան մարմիններից, սակայն զանգերին դեռ պատասխանող չկա:
Մառա Գալոյան