Սյունիքում և Արցախում օր առաջ պետք է տեղակայվեն Ռուսաստանի Դաշնության ամենաուժեղ ռազմաբազաները. Խաչիկ Ասրյան
Երբ Թուրքիայի իշխանությունը գրեթե ամեն օր խոսում է թուրքական աշխարհ կառուցելու, իսկ Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ ադրբեջանական տարածք լինելու և այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունենալու մասին, Հայաստանի և հայ ազգի անվտանգության ապահովումը դառնում է օրախնդիր-պահանջ: Շրջապատված լինելով թշնամի պետություններով, զրկված լինելով զարգացման համար անհրաժեշտ բավարար նյութատնտեսական և մարդկային ռեսուրսներից՝ Հայաստանը և հայ ազգն անվտանգության ապահովման հարցում մշտապես ապավինել են և պետք է ապավինեն մեր բազմադարյա բարեկամ Ռուսաստանի աջակցությանը:
Ցավոք, վերջին երկուսուկես տարիներին Հայաստանի իշխանությունը բռնազավթած թուրքապաշտ ու սորոսահպատակ ուժերն անընդհատ փորձում են Հայաստանը կտրել իր ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանից՝ արևմուտքի այլասերված ուժերի կողմից առաջադրանք ունենալով Հայաստանի Հանրապետությունը վերածել մարդակործան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վիլայեթի՝ զրկելով մեզ մեր պետականությունից ու ինքնիշխանությունից: Նման քաղաքականության առավել ցայտուն դրսևորումը սույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերյան արցախյան պատերազմն էր, երբ Հայաստանակործան ճանապարհը բռնած Հայաստանի իշխանությունն Ադրբեջանին ու Թուրքիային հանձնեց հազարավոր կյանքերի գնով ազատագրված Արցախ-հայրենիքի մի զգալի մասը:
Հայաստանը թշնամի թուրքին հանձնելու քաղաքականությունը շարունակվում է ամեն օր, և այն չի կանգնելու, քանի դեռ Հայաստանը բռնազավթված է թուրքահպատակ իշխանության կողմից:
Բարեբախտաբար, հայ ազգի բարեկամ, ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ դժվարին դրության մեջ մենակ չի թողնում Հայաստանին ու հայ ազգին և, Ռուսաստանի՝ ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական միջամտության արդյունքում, ռազմական գործողությունները դադարեցվեցին: Հայաստանի կրած մարդկային և տարածքային կորուստներն անհամեմատ ավելի քիչ կլինեին, եթե Հայաստանում իշխանության լինեին Ռուսաստանի հետ դաշնակցային ու բարեկամական ազնիվ հարաբերությունների կողմնակից ուժեր, որոնք պատերազմի հենց առաջին օրը կդիմեին Ռուսաստանի աջակցությանն, այլ ոչ թե կմերժեին աջակցության ամեն մի առաջարկ՝ «Միայնակ էլ կարող ենք հաղթել» և «հաղթելու ենք» կեղծ ու թելադրվող հավաստիացումներով:
Չնայած ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն, պատերազմի վերսկսման վտանգը ոչ միայն չի վերացել, այլ ավելի իրական է դարձել: Թուրքիան, տարբեր հիմնավորումներով, Ադրբեջանի տարածքում մեծացնում է իր ռազմական ներկայությունը, որի իրական նպատակը Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական նոր ագրեսիա սանձազերծելն է՝ Արցախը, Սյունիքը և գուցե ամբողջ Հայաստանը հայաթափելու և իր ցեղասպան քաղաքականությունը ավարտին հասցնելու համար:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ, Հայաստանի ու հայ ազգի անվտանգությունն անսասան պաշտպանելու համար, Սյունիքում և Արցախում օր առաջ պետք է տեղակայվեն Ռուսաստանի Դաշնության ամենաուժեղ ռազմաբազաները, որոնք միակ հուսալի պաշտպանությունը կլինեն թուրքական աճող հավակնությունների դեմ՝ ապահովելով Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ ազգի անվտանգությունը:
Բնականաբար, իր տերերի աշխարհաքաղաքական շահերին հակասող նման քայլի չի գնա Հայաստանի սորոսածին ու թուրքահպատակ իշխանությունը. Հայաստանում ազգային-պետական-քրիստոնյա շահերով առաջնորդվող հաջորդ իշխանությունը, որը ձևավորելու է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, կիրականացնի վերոնշյալ ծրագիրը՝ Հայաստանն արևմուտքի Հայաստանակործան ուժերից, այդ թվում նաև թուրքերից ու ադրբեջանցիներից անսասան պաշտպանելու համար:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան