Ստեփանակերտի շրջակայքում հնչած կրակոցներն արձակել է հակառակորդը՝ Շուշիից․ Վահրամ Պողոսյան
Ստեփանակերտի շրջակայքում երեկ հնչած կրակոցները դեպի օդ են ուղղված եղել և որևէ վտանգ չեն պարունակել․ դրանք արձակել է հակառակորդը Շուշիից․ ՍիվիլՆեթին տեղեկությունը հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ կրակոցները օդ են ուղղվել։ Ասեմ, որ բացի պաշտպանության նախարարության հավաստիացումից, նրանք, ովքեր ականատես են եղել, տեսել են, որ դրանք եղել են լուսարձակող փամփուշտներ, որոնք օդ էին կրակվում»,- ասաց նա։
Վահրամ Պողոսյանը ենթադրում է, որ հակառակորդը կրակոցներն արձակում է ոչ սթափ վիճակում, «քանի որ նմանատիպ միջադեպեր պարբերաբար տեղի են ունենում Նոր տարվա գիշերվանից ի վեր»։
«Դժվարանում եմ որևէ մեկնաբանություն տալ, դա կարող է նաև վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով լինել, բայց, ամենայն հավանականությամբ, ալկոհոլի ազդեցության տակ։ Նոր տարվա գիշերվանից սկսած պարբերաբար այդպիսի կրակոցներ լինում են, բայց բարեբախտաբար դրանք սպառնալիք չեն պարունակում։ Պաշտպանության բանակը հավաստիացնում է, որ ՊԲ դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել Շուշիի կողմից։ Պաշտպանության բանակի զինվորները և ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում են արդյունավետ կերպով իրականացնել իրենց ծառայությունը»,- նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։
Հունվարի 11-ին՝ ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։ Արցախի ոստիկանության Ստեփանակերտի վարչության ծառայողները բերման են ենթարկել Ստեփանակերտի երկու բնակիչների, որոնք մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։
Հակոբ Ասլանյան