Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում
shamshyan.com-ը գրում է․
Այսօր, հունվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդն էլ տեղում մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի վարորդի և «Երազի» մահացած վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: