31-ամյա Վահրամը զոհվել է պատերազմի 2-րդ օրը. օրերս լույս աշխարհ եկավ հերոսի 2-րդ երեխան
31-ամյա Վահրամ Խլղաթյանը պատերազմի մասին լուրը լսելուն պես մեկնեց ռազմաճակատ, կռվեց ու հերոսացավ Ջաբրայիլում:
Վահրամը չի լսել հարազատների՝ առաջնագիծ չմեկնելու խնդրանքները, հստակ որոշել էր՝ թեկուզ կյանքի գնով պաշտպանել հայրենիքը:
Վահրամի քույրը՝ Անի Խլղաթյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշում է, որ եղբայրը ոսկի ձեռքեր ու մեծ սիրտ ուներ. «Հայ տղամարդու իդեալ էր Վահրամս, աննկարագրելի բարի ու սրտացավ, դիմացինի համար իր կյանքն էլ կտար: Ժպիտը միշտ դեմքին էր, հազվադեպ էր լինում, որ նրան տխուր էինք տեսնում»:
Վահրամը մեկ տղա ունի, օրերս լույս աշխարհ եկավ երկրորդ երեխան՝ Արմինեն: Անին ասում է՝ աղջկա անունը հենց Վահրամն էր որոշել:
Անին, թեև գիտակցում է, որ եղբայրը հերոս է, սակայն դրա մասին չի բարձրաձայնում: Վահրամը սովորել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, սակայն այլ մասնագիտությամբ էր աշխատում:
Համալսարանն ավարտելուց հետո մեկնել էր ծառայության, որից հետո առաջարկ է ստացել ծառայությունը շարունակել, սակայն չի համաձայնել. դա նրան չի խանգարել կյանքը տալ հանուն հայրենիքի:
Հարազատները Վահրամի հետ վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 29-ին. «Ամուսինս ու մյուս եղբայրս նույնպես առաջնագծում էին, նրանց մասին հարցրեց, բայց զգացի, որ փոքր-ինչ ընկճված էր: Ասացի, որ հոգ կտանեմ բոլորի մասին, բայց այդպես էլ չկարողացա ասեմ՝ մինչև դու գաս»:
Մինչև հոկտեմբերի 7-ը ընտանիքի անդամները Վահրամից լուր չեն ունեցել, Անիի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ նրանք թաքնված են: Հետո գտել են Վահրամին՝ գրպանում՝ անձնագիր, վարորդական իրավունքի վկայական ու գումար:
Արփինե Հակոբյան