Ի՞նչ վճարումներ պետք է կատարել՝ վարորդական վկայական ստանալու համար
Վարորդական վկայական ստանալու համար որակավորման քննությունները դրական հանձնած անձը ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան նրան հատկացվելիք վարորդական վկայականի գործողության ժամկետի ավարտը, ներկայացնում է վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, որի չափը կազմում է'12000 դրամ և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է վարորդական վկայական: Իսկ մինչև նրան հատկացվելիք վարորդական վկայականի գործողության ժամկետի ավարտը, նշված փաստաթուղթը չներկայացնելու դեպքում անձը կրկին պետք է մասնակցի որակավորման քննություններին:
Թեմայի մասին Իրավաբան.net-ին մանրամասներ է ներկայացրել իրավաբան Զարինե Հովհաննիսյանը։ «Վարորդական վկայական ստանալու համար որակավորման քննությունները բացասական հանձնելու դեպքում կայացվում է վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշում։ Այնուհետև դրան համապատասխան քննության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Իսկ տեսական քննությունը բացասական հանձնելու դեպքում վարորդական վկայական տալը մերժելու մասին որոշումը անձին է հանձնվում անմիջապես քննության ավարտից հետո, իսկ գործնական քննությունը բացասական հանձնելու դեպքում՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը։ Այդ որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով»,-նշում է իրավաբանը' հղում անելով ՀՀ Կառավարության 26 մարտի 2020 թվականի N 385-Ն որոշմանը:
Նույն որոշմամբ սահմանված են նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերը, այն է՝
1. Անձը հաստատող փաստաթուղթ հետևյալ կարգով՝ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար' անձնագիր կամ նույնականացման քարտ (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չլինելու դեպքում անձին վարորդական վկայական չի տրամադրվում, բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում վարորդական վկայականը տրամադրվում է ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի) կամ զինվորական գրքույկ' ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող' անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կամ ժամանակավոր վկայական.
2) օտարերկրյա քաղաքացիների համար' օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (միջազգայնորեն ճանաչված) և ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ' մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ ՀՀ հատուկ անձնագիր.
3) քաղաքացիություն չունեցող անձանց համար' օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ' մշտական կացության քարտ կամ ժամանակավոր կացության քարտ կամ ՀՀ հատուկ անձնագիր.
4) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար' կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.
5) ապաստան հայցողի համար' ապաստան հայցողի անձը հաստատող վկայական,
6) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար' ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական):
2. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (3000 դրամ)
3. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր(10 000 դրամ)
4. Վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր( 12 000 դրամ):
5. Վարորդական վկայական ստանալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում' ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (որը պարունակում է ուսուցում իրականացնող կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն, պետական գրանցման և (կամ) հարկ վճարողի հաշվեհամարը, վարորդական դասընթացների մասնակցի անձնական տվյալները, ինչպես նաև այն հաստատելու իրավասու անձի ստորագրությունը և կազմակերպության կնիքը)' բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «AM», «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում։
6. Վարորդական վկայական (նոր կարգերի (ենթակարգերի) տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու որակավորման քննություններին մասնակցելու, վարորդական վկայականի փոխանակման կամ միջազգային վարորդական վկայական ստանալու դեպքում):
7. Վարորդական վկայական ստանալու համար հիմք հանդիսացած փաստաթուղթ (այլ երկրներում ստացած վարորդական վկայականների կորստյան դեպքում կրկնօրինակ տալու համար):