Թուրքիայում ծով է հանվել սեփական արտադրության առաջին հետախուզանավը
Թուրքական պաշտպանական նավաշինարաններից մեկը ծով է հանել սեփական արտադրության «Ստամբուլ» (F-515) առաջին հետախուզանավը, արարողությանը մասնակցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ 2020-ին երկիրը իրականացրել էր պաշտպանական արդյունաբերության 20 ծրագիր, այսօր այդ թիվը հասել է 700-ի:
«Մենք դարձել ենք մի երկիր, որը ցամաքային եւ ծովային տեխնիկայի իր սեփական կարիքների հետ մեկտեղ նաեւ բավարարում է բարեկամ եւ դաշնակից երկրների կարիքները: Մենք այն 10 երկրների շարքում ենք, որոնք կարող են նախագծել, կառուցել եւ սպասարկել իրենց ռազմանավերը: Մենք անօդաչու թռչող սարքերի, ներառյալ հարվածային, արտադրության մեջ առաջատար երեք-չորս երկրների շարքում ենք, մեր անօդաչուներին նախանձով են նայում ամբողջ աշխարհում»,- ասել է Էրդողանը:
Առաջին դասի «Ստամբուլ» հետախուզանավը հինգերորդ ռազմանավն է, որը ծով է հանվել ազգային ռազմական նավաշինական MİLGEM ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցել չորս հետախուզանավ: Ավելի վաղ Թուրքիայում գործարկվել էին «Ադա» դասի չորս փոքր մարտական նավեր (կորվետներ), բայց «Ստամբուլն» իր դասի առաջին ռազմական նավն է: Հետախուզանավի երկարությունը 113 մետր է, լայնությունը՝ 14,4 մետր, տարողունակությունը՝ երեք հազար տոննա: Ի տարբերություն «Ադա»-ի կորվետների, «Ստամբուլ» հետախուզանավը հագեցած է «երկիր-օդ» տեսակի հրթիռների արձակման համակարգով: Նավը 2023 թվականին կփոխանցվի Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարությանը: