Խոշոր ավտովթար Երևանում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 50 էլեկտրասյան դիմաց բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 42-ամյա Դավիթ Խուդայանի վարած Toyota մակնիշի 70 XR 700 համարանիշի, Երևանի բնակիչներ, 53-ամյա Արմեն Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 36 VՏ 213 համարանիշի և 33-ամյա Լուսինե Մելիքսեթյանի վարած Hyundai մակնիշի 10 RO 011 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդներից Լ. Մելիքսեթյանն ու Ա. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տուժածներին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը, ում կարգադրությամբ երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, մինչև կաշխատեին փրկարարներն ու բժիշկները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: