Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ
Մասիսի հիվանդանոցում ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները հունվարի 23-ին, ծեծի են ենթարկել Արարատի մարզի Արեւաբույր համայնքի բնակչին եւ նույն համայնքի համայնքապետին։
NEWS.am-ի հետ զրույցում Արեւաբույրի համայնքապետ Ջիվան Մանուկյանը պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել. «Խաչատուր Գրիգորյանն իմ համայնքի բնակիչ է, որը դիրքապահ է, դիրքերում ոտքը կոտրվել էր, եկել էր հիվանդանոց՝ բուժելու։ Տեղեկացա, որ «Մուրացան» ԲԿ-ից իրեն դուրս են գրել, տանը ցավեր է ունեցել, տարել են Մասիսի հիվանդանոց, այնտեղ ցավի տակ բարձր է խոսել, ասել է՝ ցավազրկեն իրեն։ Բժիշկների դուրն էլ չի եկել պահվածքը, բժիշկներն էլ ահազանգել են Ոստիկանություն, ոստիկաններն էլ եկել ու հիվանդասենյակում ծեծել են։ Ես գնացել եմ այն պահին, որ դրսում են ծեծում ու տանում են դեպի իրենց մեքենան»։
Ջիվան Մանուկյանը պատմեց, որ այդ պահին մոտեցել է ոստիկաններին, միջամտել այդ ծեծռկտուքին, արդյունքում՝ ինքն է ծեծի ենթարկվել. «Գնացել եմ հիվանդանոց այն պահին, որ բակում ոստիկանները ծեծի են ենթարկում իմ բնակչին, մոտեցել եմ եւ փորձել եմ միջամտել, որպեսզի դադարեցնեն ծեծկռտուքը եւ ինձ էլ են ծեծել։ Հարվածում էին կոտրված ոտքին»։
Համայնքապետն ասաց, որ գլխի հատվածում վնասվածք է ստացել. «Մարմնիս վրա կապտուկներ կան։ «Էրեբունի» ԲԿ են ինձ տեղափոխել, հիմա արդեն տանն եմ»։
Մանուկյանը նշեց, որ իր բնակիչը նույնպես վնասվածքներ է ստացել. ոտքը լավանալուն պես նորից կբարձրանա դիրքեր։
NEWS.am-ին Ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվել, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։