Կապիտան Սոս Էլբակյանն այսօր կդառնար 29 տարեկան
2020 թվականի հուլիսյան մարտերին զոհված ՀՀ ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանը այսօր կդառնար 29 տարեկան։
Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր, 7 տարի ծառայում էր Տավուշի սահմանապահ զորամասում, զբաղեցնում էր զորամասի հրետանու շտաբի պետի-հրետանու պետի տեղակալի պաշտոնը, սպասում էր այլ զորամաս տեղափոխվելու հրամանին։
Իր գործի նվիրյալ կապիտանը ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների ու պատվոգրերի, այդ թվում «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով, հետմահու՝ «Արիության» մեդալով։ Պարտաճանաչ ու հայրենասեր սպայի ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել մի շարք ստուգատեսներում:
Սոս Էլբակյանի հրամանատարությամբ են ընթացել հուլիսյան հաղթական մարտերը։ Կապիտանը մահացու վիրավորում է ստացել 2020 թվականի հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ռազմական բախման ընթացքում՝ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից։