Արտահերթ ընտրությունների հարցը` Փաշինյանի կողմից բլեֆ է. Է. Շարմազանով
“Իրավունքը” "Հայաստանի իրական քաղաքականություն" հաղորդման շրջանակներում զրուցել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
- Պրն. Շարմազանով, Դուք հայտարարել էիք, որ արտահերթ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն չի պատրաստվում մասնակցել, բայց այդ հարցը հնարավոր է քննարկել, եթե իրենց կողմից վարչապետի պաշտոնին այլ թեկնածու առաջադրվի: Չե՞ք փոխել Ձեր դիրքորոշումը: Եթե ոչ` ապա ՀՀԿ-ն պատրա՞ստ է քաղաքական պայքարի մեջ մտնել իշխող թիմի, բայց ոչ իրենց առաջնորդի՞ հետ:
- Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար օրակարգում պետք է լինի միայն մեկ հարց` դա վարչապետի հրաժարականի հարցն է: Մնացած բոլոր հարցերը` երկրորդական են: Մինչեւ նա մեր երկրի ղեկին է, ի՞նչ լեգիտիմ, լեգալ, թափանցիկ, մրցակցային ընտրությունների մասին կարելի է խոսել:
Ինչպես որ նա գնաց եռաբլուր` մեծաքանակ թիկնապահներով եւ ոստիկանությամբ, նույն ձեւ կլինեն ընտրությունները:
Ինչո՞ւմ մենք մրցենք իր հետ: Չէ՞ որ ընտրություները` մրցակցություն է: Եթե ես համոզված եմ, որ նա դավաճան է, որ նա դավաճանել է իմ երկրի շահերը, իսկ ես դրանում համոզված եմ: Ես հստակ հայտարարում եմ, որ հոկտեմբերի 19-ից հետո պարզ էր, որ այս մարդը ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը, այլ` չի ուզում դա անել:
Ես իրեն բազմաթիվ անգամ հարց եմ ուղղել, որին ոչ նա, ոչ էլ իր թիմակիցներից չեն պատասխանել ` ինչո՞ւ հոկտեմբերի 19-20-ին նա չի ընդունել Վ. Պուտինի առաջարկը պատերազմը դադարացնելու վերաբերյալ:
Այդ դեպքում, ինչպես Պուտինն էր հայտարարել, մենք կունենային աննշան տարածքային կորուստներ հարավում, իսկ մնացածը` ներառյալ` Շուշին, մնալու էր հայկական հսկողության տակ:
Սակայն ԱԺ-ում նրա` Շուշիի կարգավիճակի մասին հայտարարությունից հետո պարզ էր, որ այդ անձը նշանակված է այստեղ ոչ թե հայկական շահերը պաշտպանելու համար, այլ` սորոսա-թուրքա-ադրբեջանականը:
- Ռ. Քոչարյանն օրերս հայտարարել էր, որ մասնակցելու է ընտրություններին, իսկ Փրկության շարժումը դեմ է արտահայտվում մասնակցությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք ընդդիմության մեջ առաջացած այդպիսի հակասությունները:
- Ես Արցախի հերոս, հարգարժան Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները չեմ մեկնաբանելու: Դա իր իրավունքն է:
Ֆորմալ առումով արտահերթ ընտրությունների հարցը դրված չէ, քանի որ պաշտոնապես դրա մասին չի հայտարարվել: Այդ հարցը օդի մեջ է կախված: Իսկ իմ կարծիքով, դա բլեֆ է Փաշինյանի կողմից: Արտահերթ ընտրություններին գնալու համար նա պետք է հրաժարական տա: Իսկ ինչո՞ւ նա դա չի անում, մի՞ գուցե վախենում է, որ իր թիմակիցները իր օգտին չե՞ն քվեարկի:
Մենք պետք է օրենքի շրջանակներում հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի նա հրաժարական տա, քանի որ իր իշխանության ամեն օրը` մեծ մինուս է Հայաստանի և Արցախի համար:
Հանրապետական կուսակցությունը չի ձգտում իշխանության: Այսօրվա պայքարը` ընդդիմության եւ իշխանության պայքար չէ, պայքար չէ հանուն իշխանության կամ 20-30 մանդատների: Սա պայքար է մեր հայրենիքի, մեր երեխաների փրկության համար` հանուն Հայաստանի ապագայի, ընդդեմ սորոսա-թուրքական դեսանտի, որը 2.5 տարի է մեր Հանրապետության ղեկին է:
Այսօրվա պայքարը ոչ միայն ընդդեմ Նիկոլի է, այլ` նիկոլիզմի: Հայաստանի ազգային-պետական մտածողությամբ բոլոր քաղաքական գործիչները և քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ այդ խնդիրը պետք է լուծել: Նրա հեռանալուց հետո տեղի է ունենալու դասական քաղաքական պայքար՝ մրցակցային պայքար գաղափարախոսությունների և տարբեր կուսակցությունների միջև:
- Հայաստում ձեւավորվում է նոր շարժում ”Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության”: Շարժման կազմկոմիտեի հայտարարությամբ` շարժումը նպատակ ունի Ռուսաստանի հետ ձեւավորել ավելի խորը ինտեգրացիա բոլոր ոլորտներում, արդյունքում մտնելով Ռուսաստանի հետ Միութենական պետության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ շարժմանը:
- Հետաքրքիր գաղափար է: Այսօր Հայաստանի անվտանգության միակ եւ գլխավոր սուբյեկտը` Ռուսաստանի Դաշնությունն է, ռուսական ռազմաբազան: Եթե ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված չլիներ Հայաստանում, եթե Արցախում այսօր չլինեին ռուսական խաղաղապահները, թուրքա-ադրբեջանական ագրեսիան կտարածվեր արդեն նաեւ Հայաստանի վրա: Ես միշտ հայտարարել եմ, որ Հայաստանի Հանրապետության միակ դաշնակիցը` Ռուսաստանի Դաշնությունն է: Միշտ հայտարարել եւ հայտարարում եմ, որ Հայաստանը պետք է խորացնի իր ինտեգրացիան եւ Եվրասիական միության մեջ եւ ՀԱՊԿ-ում, եւ տարբեր կառույցներում, որտեղ կա Ռուսաստանի Դաշնությունը:
Մենք պետք է զարգացնենք մեր դաշնակցական հարաբերությունները ե’ւ ռազմական, ե’ւ քաղաքական , ե’ւ հումանիտար ոլորտներում:
Եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ապագան ուժեղ Ռուսաստանի հետ է: Ես բազմաթիվ անգամ նշել եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը բնական դաշնակիցներ են: Եւ Հայաստանի շահերից է ուժեղ Ռուսաստանը, իսկ Ռուսաստանի շահերից` ուժեղ Հայաստանը:
Գաղափարական առումով Ռուսաստանն ու Հայաստանը արեւելյան քրիստոնեության քաղաքակրթության կրողներն են: Եւ այդ հարցում Ռուսաստանը հատուկ առաքելություն ունի` Երրորդ Հռոմի առաքելությունը: Այսինքն` արեւելյան քրիստոնեության քաղաքակրթության առաջնորդության հարցն է: Եւ մենք հասկանում ենք, որ այսօր շատ արդիական է պանթուրքիզմի հարցը: Իսկ դա ոչ միայն Հայաստանի դեմ է, այլ` առաջին հերթին դա վտանգ է Ռուսաստանի Դաշնության համար: Կովկասում Ռուսաստանի գլխավոր մրցակիցը միշտ եղել է Թուրքիան: Եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետականություն, ուժեղ եւ ավանդական երկիր, մենք պետք է զարգացնենք եւ խորացնենք Ռուսաստանի հետ ինտեգրացիան, ինչը բխում է թե’ Ռուսաստանի, թե’` Հայաստանի շահերից:
Զրույցը ամբողջությամբ դիտեք այստեղ