Բնակարան՝ երեխա ունեցող ընտանիքներին. 619 դիմողից 514-ն արդեն վճարել է
Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրի» շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
03.02.2021թ․ դրությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ստացել է 619 դիմում, որից 514-ի վճարումն արդեն իրականացվել է։
514 դիմումից 90-ը բավարարվել է՝ մարզային բնակավայրերում հիփոթեքով բնակարանի ձեռքբերման, 67-ը՝ հիփոթեքով գնված բնակարանի կանխավճարի ապահովագրության, իսկ 357-ը՝ երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային բնակարանի ձեռքբերման ծրագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ հիփոթեքով բնակարանի ձեռքբերման առաջին ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիներն, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխա, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին, և գումարն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։
Երկրորդ ծրագրին կարող է դիմել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Այս դեպքում պետությունը փոխհատուցում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարները։
Երրորդ ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, և ընտանիքում ծնվել է երեխա 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։
Վերոնշյալ երեք ծրագրով աջակցություն ստանալու համար քաղաքացին պետք է դիմի հիփոթեքային վարկի ձեռքբերման մասին պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ արդեն գործող վարկերի դեպքում, կամ այն վարկային կազմակերպությանը կամ բանկին, որի միջոցով նախատեսում է հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերել: