Հայաստանի սահմանամերձ գյուղերի սոցիալական աջակցության ծախսերը կմեծանան. նախարար
Կառավարության որոշմամբ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի 39 գյուղեր ներառվել են այն համայնքների ցանկի մեջ, որոնք պետությունից սոցիալական աջակցություն են ստանում: Այս մասին փետրվարի 18-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նրա փոխանցմամբ՝ խոսքը, մասնավորապես, կոմունալ ծախսերի, ինչպես նաեւ անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասին է: «Սահմանվել են հեռավորության որոշակի պահանջներ, կա որոշակի մեթոդաբանություն: Մի քանի համայնքների համար ստացվել են որոշակի առաջարկներ եւ բողոքներ»,- պարզաբանեց Առաքելյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ այդ ցանկի մեջ չեն մտել արդեն սահմանամերձ Խնձորեսկ եւ Քրահունջ գյուղերը: Լրատվամիջոցների ներկայացուցիչները, մասնավորապես, մտավախություն հայտնեցին, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են այս բնակավայրերը նույնպես փոխանցել ադրբեջանցիներին, եւ հենց այս պատճառով որոշվել է այնտեղ որեւէ ներդրում չիրականացնել: «Այդպիսի ծրագրեր չկան: Ես արդեն բացատրեցի, որ որոշակի չափորոշիչներ կան: Օրինակ՝ մեթոդիկայի համաձայն գյուղի սահմանամերձ կարգավիճակի սահմանումը որոշվում է սահմանից բնակելի տների հեռավորությունը պարզելու ճանապարհով, իսկ նշված համայնքների դեպքում դիտարկվել են հողամասերը»,- հավաստիացրեց նախարարը:
Նա հստակեցրեց, որ Հայաստանում ընդհանուր առմամբ արդեն 77 սահմանամերձ համայնք կա, ընդ որում՝ նախատեսվում է դրանց ավելացնել եւս 5-6-ը: