Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները, այդ թվում՝ 600 դոլարանոց զրահաբաճկոնների վերաբերյալ, Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են, կուղարկվեն քննչական մարմիններին՝ նրա հայտնած տեղեկությունները ստուգելու համար, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Ազատության» հարցին, եթե ուղարկեն իրավապահ որևէ մարմին՝ քննություն իրականացնելու կամ հանգամանքներ պարզելու, ենթադրվո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը ևս կկանչվի հարցաքննության, Աբրահամյանը պատասխանեց. «Դրանց վերաբերյալ բոլոր տեղեկություններ տվողները, առնչություն ունեցողները պետք է, այո, կանչվեն, բոլորի հետ կապված էլ պետք է համապատասխան գործողություններ իրականացվեն՝ քննչական, դատավարական»:
Հերքելով մեղադրանքները, թե նաև իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում բանակը թալանվել է, «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը ու պատերազմից հետո: Իր խոսքերը որոշել էր նաև կոնկրետ փաստերով համեմել, թե հենց պատերազմի օրերին կառավարությունը, շրջանցելով Պաշտպանության նախարարությանը, զրահաբաճկոններ է գնել մի քանի անգամ բարձր գնով՝ 600 դոլարով:
«Եթե մենք սերմնացու գողացող մկներ էինք, ապա զրահաբաճկոնը 600 դոլարով առնողը ի՞նչ է, կռի՞ս է», - նշել է երրորդ նախագահը:
Դատախազության ներկայացուցիչը փակագծեր չբացեց՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը, բայս ասաց՝ Ազգային անվտանգության ծառայությունում շուկայականից բարձր գնով զրահաբաճկոններ ձեռք բերելու մի գործ դեռ նոյեմբերից է քննվում. «Դրա մասին երրորդ նախագահի կողմից հայտնելուց շատ առաջ փաստաթղթեր էին որոշակի հրապարակվել, տվյալներ էին հրապարակվել համացանցում, դեռ այն ժամանակ դատախազությունը դրանք ֆիքսել էր, և դրանք ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ, և այդ փաստերի կապակցությամբ քրեական գործ է քննվում: Քրեական գործը քննվում է 308-րդ հոդածի հատկանիշներով և Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնական դիրքի չարաշահում և իշխանության չարաշահում, որը վերաբերում է զինվորական ծառայությանը»:
«Ազատության» հարցին՝ քրեական գործը երբվանի՞ց է քննվում, կա՞ն մեղադրյալներ, կասկածյալներ, Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «Ոչ, այս պահի դրությամբ դրանով ևս նախաքննություն է իրականացվում, դեռ մեղադրյալների կամ կասկածյալների ներգրավման մասին տեղեկություն չեմ կարող հաղորդել: [Քննվում է] նոյեմբերից սկսած: Բայց նկատի ունենալով, որ հնչեցվել են կոնկրետ գնային հարաբերությունների հետ կապված տվյալներ այդ հարցազրույցի ժամանակ, ընդհանուր առմամբ հարցազրույցը դարձվել է, ոչ միայն այդ նպատակով, նկատի ունենալով, որ այլ երևույթների մասին է խոսվել այնտեղ, Գլխավոր դատախազությունում դրանք դարձվել են ուսումնասիրության առարկա և հավանաբար կուղարկվի քննչական մարմին, որպեսզի դրանցում ներկայացվող տվյալները ևս ստուգման առարկա դառնան քրեական վարույթների շրջանակներում»:
Ազգային անվտանգության ծառայությունից փորձեցինք գործի մասին մանրամասներ ճշտել, որևէ հավելյալ տեղեկություն չհայտնեցին, մամուլի կենտրոնից միայն փոխանցեցին՝ հրապարակման ենթակա տեղեկություն չունեն: