«Կարեն Բեքարյանը եւ Արա Սաղաթելյանը իմ ընկերներն են. նրանք չեն կարող ֆեյք օգտահաշվի կառավարողներ լինել». Վանեցյան
Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու ընդդիմությունը չի հասնում առաջնային նպատակին՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Ըստ նրա, տրամաբանությունը հուշում էր, որ այսքան խեղված ճակատագրեր ունենալու եւ մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսի կորստի դեպքում, եւ նման խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած, 44 օր ժողովրդին խաբած, այսքան զոհերի պատճառ դարձած, այժմ էլ Հայաստանը մաս-մաս՝ Սյունիքի մարզում թշնամուն փոխանցող իշխանությունն ուղղակի չի կառչի իր աթոռից, չի պայքարի իշխանության համար, այլ ուղղակի հրաժարական կտա՝ ժողովրդին տալով հնարավորություն՝ ձեւավորել նոր իշխանություն:
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից երեկվա ձերբակալություններին, բերման ենթարկելու փորձերին, ԱԱԾ նախկին պետն ասաց, որ դա հերթական խայտառակությունն էր:
«Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան, երկուսն էլ իմ ընկերներն են, երկուսին էլ շատ լավ ճանաչում եմ: Այն, ինչի մեջ նրանք մեղադրվում են, ինչ հրապարակվել է, այդ մարդիկ ուղղակի չեն կարող լինել տվյալ ֆեյք օգտահաշվի կառավարողները: Բացի այդ, ամեն դեպքում այդ օգտահաշիվը, ինչպես տեսանք, դեռ շատ ակտիվ գործում է: Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը այն մարդիկ են, որ երբեք չեն թաքնվում որեւէ մեկի թիկունքում ու գրառումներ անում»,- վստահեցրեց Վանեցյանը:
Այս համատեքստում Արթուր Վանեցյանն ասաց, որ ցավալի է իր համար խոսել ԱԱԾ-ի մասին, գիտի՝ ինչ մարդիկ, ինչ նվիրյալներ են աշխատում այնտեղ, սակայն ինչ-ինչ պատճառներով այսօր այդ կառույցում կա մարդկանց փոքր խումբ, որը կատարում է այս դավաճան իշխանության հրահանգները, ինչը, կարծում է, շատ արագ կվերջանա, եւ Ազգային անվտանգության ծառայությունը կզբաղվի անվտանգության խնդիրներով:
Հակադարձմանը՝ հրապարակում կա, որ Դուք էլ ֆեյքերի բանակ ունեք, Վանեցյանն ասաց, որ դրանք կեղծ պնդումներ են, եւ, որ ինքն իշխանական ֆեյքերի գլխավոր թիրախն է:
«Իմ նկարը, որ տեսնում են, տեքստը չեն կարդում, եւ եթե ասեմ՝ մեր ամենալավ, ամենաչքնաղ կառավարությունն է ՀՀ-ում, միեւնույն է՝ ֆեյքերը մտնում են եւ իրենց հանձնարարությունը կատարում են»,- շեշտեց նա:
Պատերազմի վերաբերյալ Արթուր Վանեցյանն ասաց՝ պետք է հարուցվեն քրեական գործեր՝ ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ, պետք է տարվի բազմակողմանի քննություն: Հարցին էլ, թե ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ իրեն տեղեկություն է տրվել 5 մլրդ դոլարի վերաբերյալ, որը պետք է փոխանցեր Փաշինյանին, Արթուր Վանեցյանն ասաց. «ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ ինձ հայտնի տեղեկությունները ես կոռեկտ չեմ համարում հրապարակայնացնել»: