Դա նաև բարոյական չէ. Արայիկ Հարությունյանը շատ կարևոր հարցի մասին է խոսել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 24-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ բնակարանային և ներքին անվտանգային մի շարք հարցերի շուրջ։ Հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը։ «Խոսելով տեղահանված բնակիչների խնդիրների մասին՝ երկրի ղեկավարն անդրադարձել է հատկապես մայրաքաղաքում գործող բնակվարձերի չափերին: «Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական նորմերից: Կառավարությունը շտապ միջոցներ է կիրառելու օրենքի սահմաններում վիճակը շտկելու ուղղությամբ, իսկ, անհրաժեշտության դեպքում, անբարեխիղճ վարձատուներին զրկելու ենք պետական աջակցության ծրագրերից և կիրառելու ենք նաև պատասխանատվության միջոցներ»,- ընդգծել է նախագահը և հանձնարարել պատկան մարմիններին կարճ ժամանակում մշակել ու ներդնել համապատասխան կարգավորումներ: Անդրադարձ է եղել նաև ապօրինի զինամթերքի հավաքագրմանը, ճանապարհային երթևեկության կանոնների խստացմանն ու երկրում օրինականության ապահովմանն ուղղված հարցերի: Նախագահը խստորեն հանձնարարել է լիազոր մարմիններին ապահովել օրենքի գերակայությունը և ներքին կարգուկանոնը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանխարգելիչ միջոցառումներին և օրենքի առջև բոլորի հավասարությանը»,- ասված է հայտարարության մեջ: