Արցախի կարգավիճակի հարցը փակված է․ Դավիթ Բաբայանը՝ Ալիևին
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարգավիճակի հարցը փակված է, Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է օրակարգից դուրս լինի»։
«Ես բազմիցս խոսել եմ այս խնդրի մասին: Չեմ ուզում նորից կրկնել: Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանին և հայ ժողովրդին ավելի քիչ խոսել այս հարցի շուրջ, չկառուցել դատարկ հույսեր: Այս հարցը պետք է լինի օրակարգից դուրս: Այս հարցի բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղությանը, այլ առճակատում հրահրել»,-ասել է Ալիևը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեռ 2020 թվականի նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այս տարածաշրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո․ «Մենք ելնում ենք նրանից, որ այդ կարգավիճակը որոշվելու է կախված նրանից, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք Լեռնային Ղարաբաղում էթնոդավանանքային համերաշխության վերականգնմանն օգնելու համար, ինչպես դա եղել է երկար տարիներ՝ մինչ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բռնկված պատերազմը, որն աղետալի հետևանքներ ունեցավ»,-ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը' թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։