Գործող Թյուրիմացությունը ցանկացած եղանակով դրան չի գնա, մնում է պլան D-ն․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պլան D
Մենք տեսնում ենք գործող իշխանության բարոյականության, կամ անբարոյականության աստիճանն ու ցինիզմն, ինչի համար շատերը հիմնավոր կերպով կարծում են, որ եթե իրենք կազմակերպեն արտահերթ ընտրությունները, ապա կկեղծեն: Որպես դրա փաստացի հիմնավորում մատնանշում են, թե ինչպես էր իրենց հանրահավաքի կազմակերպման ժամանակ օգտագործվում ադմինիստրատիվ ու կրիմինալ ռեսուրսը:
Դա, իհարկե, այդպես է, սակայն ընտրությունների կեղծել ցանկանալն ու դա կարողանալը տարբեր բաներ են:
Ընտրությունների կեղծման համար պետք է հազարավոր մարդկանց ներգրավվել և, անպայման, այդ գործին պետք է մասնակցեն երկու առանցքային ինստիտուտներ՝ ոստիկանությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք նման հանցագործության գնալու համար գործող կառավարության հաղթանակի հարցում պետք է լինեն վստահ , այլապես նման ռիսկի չեն գնա: Փաստենք, որ ՏԻՄ-երի մի մասն արդեն այս կառավարությանը բացահայտորեն դեմ է դուրս եկել (մի մասն էլ հարմար պահի է սպասում), իսկ ոստիկանությունից վայրկյանական կերպով ընտրակեղծիքների մասին արտահոսքներ կլինեն: Պարզ է, ոստիկանությունը չի ցանկանա ևս 5 տարի փողոցներում կանգնել դրանց պաշտպանելու համար:
Երկրորդ կարևոր պահն այն է, որ ի տարբերության այն ժամանակների, հիմա խորհրդարանական կառավարման մոդել է և չկա գործառույթներ ունեցող նախագահի թիկունքը, որն այդ կառույցների համար երաշխավորի ֆունկցիա կատարի: Նաև չմոռանանք ձայներ ապահովող որոշ օլիգարխների հոգեբանությունը, նրանք նույնպես նման ռիսկի չեն գնա և X պահին մեջքից կհարվածեն:
Երրորդ՝ դատական համակարգն է անկախացել ու ինքնուրոււյն որոշումներ է կայացնում, դա նույնպես կխոչընդոտի պոտենցիալ ընտրակեղծարարներին:
Եվ չորրորդ հանգամանքը, իշխող թիմը նախընտրական փուլում չունի հանրության հետ խոսացող մարդ, բացի գործող վարչապետից, որն արդեն հեղինակազրկված է և նրա ամեն մի խոսքը ծաղրի առարկա է դառնում ու հակառակ էֆեկտն է ունենում: Կարծում եմ ընտրությունների կեղծման համար այս իշխանությա ռեսուրսը սահմանափակ է:
Իհարկե, լավագույն տարբերակաը կառավարության հրաժարականն է ու ժամանակավոր կառավարության ձևավորումը, սակայն գործող Թյուրիմացությունը ցանկացած եղանակով դրան չի գնա, մնում է պլան D-ն, ստիպողական արտահերթ ընտրությունները, երբ ԱԺ երկու ֆրակցիաները վայր դնեն մանդատները»: